Շահնուրը ծնվել է Սկյուտարում` այն գեղատեսիլ թաղամասում, որ բանաստեղծ էր դարձրել Պետրոս Դուրյանին, ներշնչումներ է պարգևել Մեծարենցին ու Վարուժանին, ուր գրական֊ կրթական եռուն կյանքով էր ապրում հայությունը:
Սակայն պատերազմն ու Եղեռնն ամեն ինչ խառնում են:
Երիտասարդ սերունդը հեռանում է...
Ձևավորվում է Սփյուռքահայ գրականություն, որի հիմնադիրներից է Շահնուրը:
Տաղանդավոր գրողը կատարում է Սփյուռքի կյանքի վերլուծություն և պատասխանում ` ի՞նչ է ուծացումը։
Այն բնութագրեց նահանջ բառով։
Շահնուրը խոսեց այդ գլխիվայր նահանջի մասին իր հերոսների բերանով, խոսեց ըմբոստ ու կրքոտ, որպես արդարամիտ մեղադրող` կերտելով համոզիչ, կենդանի կերպարներ. ընթերցողի աչքի առաջ դրեց կյանքի անխարդախ պատկերը` հայ գաղթականի ճակատագիրը` հարյուր տարի առաջ` իր գահավեժ ընթացքի մեջ։
«Կնահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կնահանջե բարք, ըմբռնում,բարոյական, սեր։ Կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն։
Եվ մենք դեռ կը նահանջենք բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, մեղա՜, մեղա՜ Արարատին»։
Նահանջի մեջ սարսափելին այն է, որ այլասերվում, ձուլվում են ոչ միայն ապրողները, այլև նրանց սերունդները...
Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ